Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Պիրենեյան թերակղզին ամենաֆուտբոլայինն է աշխարհում

Պիրենեյան թերակղզին  ամենաֆուտբոլայինն է աշխարհում
10.04.2012 | 00:00

Իր հանրահայտ «Ленин» պոեմում Վլադիմիր Մայակովսկին այսպիսի տողեր ունի`«Мы говорим «Ленин», подразумеваем партия, мы говорим партия, подразумеваем Ленин»: Կոմունիստական ժամանակներից մեզ ժառանգություն հասած այս տողերի առանձին բառեր փոխարինելով` կարող ենք ասել. «Մենք ասում ենք ֆուտբոլ, հասկանում ենք Իսպանիա, ասում ենք Իսպանիա, հասկանում ենք ֆուտբոլ»:

ՈՒ, հավատացեք, որ սրա մեջ չափազանցություն չկա: Ի՞նչ չափազանցության մասին կարող է խոսք լինել, երբ Եվրոպայի ֆուտբոլային հեղինակավոր երկու մրցաշարի ութ թիմերից հինգը ներկայացնում են այս երկիրը: Եկեք ճիշտը խոսենք` նման երջանկություն ո՞ր մի այլ երկրի մարզասերին է վիճակված:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի շրջանակում մրցակցի հարկի տակ 4:2 հաշվով տարած հաղթանակը Բիլբաոյի «Աթլետիկին», ինչ խոսք, ապահովել էր ակնհայտ գերազանցություն, մնում էր, սակայն, ամեն ինչ հանգեցնել խնդրի տրամաբանական հանգուցալուծմանը: Հարցի առնչությամբ, խոստովանենք, իսպանացի մարզասերի մեջ, բնականաբար, որոշակի անհանգստություն կար` նկատի ունենալով «Շալկեի» ոչ միայն ֆուտբոլային պոտենցիալը, այլև խոցված ինքնասիրությունը: Ի պատիվ գերմանացիների, հարկ է ասել, որ նրանք փորձեցին վրեժխնդիր լինել, սակայն երկու անգամ էլ իսպանացիները կարողացան վերականգնել խաղի հավասարակշռությունը և ցանկալի ոչ-ոքիով երկու խաղի արդյունքում հասնել առաջադրված խնդրի լուծմանը:

Այս խաղը, իր բուն նշանակությունից զատ, հետաքրքրական էր նաև մեկ այլ առումով. արդյո՞ք Իսպանիան հավուր պատշաճի կընդունի իր ֆուտբոլային պատմության բոլոր ժամանակների ամենավառ խաղացողներից մեկին` Ռաուլին, ով «Շալկեի» կազմում եղել էր բասկյան թիմի դարպասը խփած երկու գոլերի հեղինակը: Պիտի ասել, որ մարզասերը եղավ իր կատարյալ բարձրության վրա` ծափերով վարձահատույց լինելով և նրա երրորդ գոլի համար, որքան էլ այն ի վնաս «Աթլետիկի» էր: Սա ոչ միայն գեղեցիկ էր, այլև հուզիչ: Այդ պահին ես հիշեցի հար և նման մի դեպք` կապված հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների երևելիներից մեկի` Սարգիս Հովիվյանի հետ, ով Մոսկվայի «Սպարտակի» կազմում Երևանում գոլ խփեց «Արարատին»: Ճիշտ է, այն ժամանակ մարզասերը մի պահ կարկամեց, սակայն պահ անց ծափերով ողջունեց իր սիրելիին: Բոլոր դեպքերում, այդպես ավելի ճշմարիտ է ու ազնիվ:

Գերմանական մեկ այլ ակումբի` «Հաննովերի» նկատմամբ պակաս դաժան չեղավ նաև Մադրիդի «Աթլետիկոն»` երկրորդ խաղում էլ գրանցելով առաջին հանդիպման արդյունքը` 2:1: Փաստորեն, ձայն ձայնի տված, իսպանական երկու թիմերը Եվրոպայի լիգայից դուրս մղեցին գերմանական ակումբներին: Սակայն իսպանական ակումբների ակնհայտ գերազանցության պայմաններում ընթացող Եվրոպայի լիգան մեկ քառորդում ավարտվեց նաև հոլանդական ֆուտբոլի համար: Սեփական հարկի տակ, ինչպես հայտնի է, ԱԶ-ն 2:1 հաշվով առավելության էր հասել «Վալենսիայի» նկատմամբ ու մերձավոր ապագայի առումով լավատեսության պակաս հիմքեր չուներ պատասխան խաղում: Սակայն, ինչպես երևում է, «Վալենսիան» մինչև հոգու խորքն էր վիրավորվել մրցակցից: 4:0 հաշիվը ոչ թե գերազանցության, այլ ակնհայտ գերազանցության վկայություն էր:

Կիսաեզրափակիչ մյուս խաղի անցկացման վայրը Խարկով քաղաքն էր, որտեղ տեղի «Մետալիստը» պիտի փորձեր իր ֆուտբոլային պատմության հերթական վառ էջը գրել: Ասում ենք` հերթական, որովհետև Եվրոպայի մեկ քառորդում խաղալն արդեն իսկ մեծ պատիվ էր ուկրաինական այս ակումբի համար: Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, և երկու հանդիպումների արդյունքով պորտուգալական ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան ապրիլի 19-ին, առաջին խաղում, սեփական հարկի տակ հանդիպում է սպասում բասկյան թիմի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նույն օրը կայանալու է նաև Մադրիդի «Աթլետիկո»-«Վալենսիա» դիմակայությունը: Պատասխան խաղերը նշանակված են ապրիլի 26-ին:

Վերջակետ դնելուց առաջ փորձենք պատասխանել, թե ի՞նչն է հատկանշական Եվրոպայի լիգայի այս խաղարկության թե՛ կիսաեզրափակիչին, թե՛ եզրափակիչին: Նախ այն, որ չորս թիմերից երեքը ներկայացնում են Իսպանիան, և եզրափակիչում, այսպես թե այնպես, մրցակիցներից մեկն անպայմանորեն լինելու է հենց այս երկրի թիմ և, երկրորդ, եթե անգամ «Սպորտինգը» հաղթի «Աթլետիկին» ու դուրս գա եզրափակիչ, միևնույն է, եվրոպական լիգայի գավաթը մնալու է Պիրենեյան թերակղզում: Ստացվում է, որ Եվրոպայում այս թերակղզում ամենից լավ են ֆուտբոլ խաղում ու սա ոչ միայն այս լիգայի մակարդակով: Ընթերցողին հիշեցնելու հարկ չկա, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերից երկուսը ևս Պիրենեյներից են: Դատելով սույն փաստից` մարզասերը, կարծում ենք, ներողամիտ կլինի, եթե ասենք, որ աշխարհամասում այսօր ֆուտբոլ ամենից լավ խաղում են Պիրենեյան թերակղզում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ